Եղինջով պատրաստված դեղամիջոցները շատ օգտակար են մաշկային խնդիրների դեպքում: Դրանք օգնում են ազատվել մաշկաբորբից ու էկզեմայից և նպաստում են վերքերի ապաքինմանը: Բացի այդ, այս դեղաբույսը հիանալի միջոց է կաթնասնկախտից ազատվելու համար:
Եղինջը դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Այն տոնուս է հաղորդում, խթանում է լորձաթաղանթների ռեգեներացիան և ակտիվացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Բացի այդ, այս բույսը հիանալի միջոց է արյունահոսությունները դադարեցնելու և վերքերն ապաքինելու համար: Ընդ որում՝ վերքերն ու բորբոքված մաշկը բուժելու համար կարելի է կիրառել ինչպես եղինջի թարմ տերևները, այնպես էլ չորացրած տերևներից ստացված փոշին:
Այս օգտակար դեղաբույսը հաճախ է կիրառվում նաև կոսմետոլոգիայի ոլորտում: Եղինջից պատրաստված թուրմն ու եփուկը խորհուրդ է տրվում կիրառել վարսերը լվանալու համար, քանի որ այն օգնում է սնուցել ու առողջացնել գլխամաշկը, ամրացնում է վարսերն ու գեղեցիկ փայլ է հաղորդում դրանց: Այս թուրմը հատկապես օգտակար է սեբորեային դերմատիտի և մազաթափության դեպքում:
Այս օգտակար դեղաբույսով թուրմ պատրաստելու համար հարկավոր է 3 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 10-15 րոպե եռացնել, այնուհետև թրմել ևս 45 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է կիրառել մազերն ու գլխամաշկը ցողելու և մաշկը մշակելու համար:
Շատ օգտակար է նաև թարմ տերևների հյութը, որը գորտնուկներին պարբերաբար քսելը կօգնի ազատվել այդ տհաճ նորագոյացություններից:
Սակայն հարկ է հիշել, որ եղինջից պատրաստված դեղամիջոցները հակացուցված են արյան բարձր մակարդելիության, զարկերակային գերճնշման, աթերոսկլերոզի և հղիության դեպքում: