Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառնա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնացորդներից:
Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:
Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանիների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:
Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պարարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:
Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանության մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր: