Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:
Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:
1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:
Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:
Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:
1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:
Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:
Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:
Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:
Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:
Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:
Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:
Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:
Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:
Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:
Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:
Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:
Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):
Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:
Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:
Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):
Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:
1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:
1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:
Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:
Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:
Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը: